Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 13–ին,  հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ  վարչապետի պաշտոնական կայքից։

Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետեւողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու եւ ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ:

Էնթոնի Բլինքենը շեշտել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարեւորությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում եւ հավելել, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ:

Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջեւ գործընկերությունը խարսխված է ժողովրդավարական արժեքների վրա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաեւ Երեւանում ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ողջ երկրում եւ հույս հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը: Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարեւորվել են գերիների վերադարձի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցերը:

Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն եւ երկարաժամկետ լուծում:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը եւս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ եւ պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել եւ ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը: