Ադրբեջանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերաբերյալ: NEWS.am-ի թղթակիցը Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանին խնդրել է մեկնաբանել դրանք:

Իլհամ Ալիեւն այսօր կրկին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը «լուծված է», եւ որ «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հանդես է եկել, կարելի է ասել, ծրագրային հայտարարություններով: Հետաքրքիր է, որ մենք ճշգրիտ կերպով կանխատեսում ենք Ադրբեջանի բոլոր գործողություններն ու քայլերը, ինչը ցույց է տալիս, որ եթե ի վիճակի ենք կանխատեսել քայլերը, ապա ի վիճակի ենք կանխել նաեւ գործողությունները:

Վերջին հայտարարություններում երկու առանցքային ասպեկտ կա: Նախ՝ նա կրկին սկսել է ասել, որ գոյություն չունի նման միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Երկրորդ՝ նա արդեն բարձրաձայնել է այն, ինչ մենք ավելի վաղ կանխատեսել էինք: Այն մասին, որ այսպես կոչված տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է, եւ իրականում դա աշխարհաքաղաքական թատրոնների, ճակատների ստեղծում է. այնուհետեւ կսկսվի երկրորդ փուլը` վարչատարածքային միավորների ստեղծումը: Ալիեւը խոսեց այդ մասին՝ միտումնավոր կամ ակամա: Ասում է, որ կա Ղարաբաղյան տնտեսական շրջան: Բայց դա բավարար չէ ասելու համար, որ Ղարաբաղը ադրբեջանական է: Նշանակում է, որ վաղը ստեղծվելու է Ղարաբաղի վիլայեթ: Նա արդեն բարձրաձայնել է Արեւմտյան Զանգեզուրի գաղափարը, որի մասին խոսել ենք այսպես կոչված Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի ստեղծումից անմիջապես հետո: Նշանակում է, որ մենք պետք է ակնկալենք Արեւելյան Զանգեզուրի վիլայեթի ստեղծման գաղափար: Բայց այդ չափազանց մեծ ախորժակը եւ իրեն գերտերության տեղը դնելու փորձը, որը կարող է միակողմանի փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը, բնականաբար, շատ բանի մասին է խոսում: Առաջին՝ կա՛մ նրանք իսկապես տարածաշրջանում հետագա ապակայունացման ծրագրեր ունեն Թուրքիայի հետ, կա՛մ պարզապես հաջողությանից գլխապտույտ ունեն: Ամեն դեպքում, մենք պետք է լրջորեն վերաբերվենք այս կարգի հայտարարություններին եւ նպատակային աշխարհաքաղաքականություն վարենք: Ամենակարեւոր ուղղությունը պետք է լինի մեր անվտանգության ամրապնդումը եւ եղբայրական երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Սա իրատեսական է: Եվ դա տարածաշրջանում հավասարակշռության պահպանման գլխավոր երաշխիքն է, չնայած միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո իրավիճակը բոլորովին այլ է: Սա այն կարմիր գիծն է, որի խախտումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ Ալիեւը ազնիվ թշնամի է: Նա երբեք չի թաքցնում իր նպատակները: Այժմ ստեղծվում է «Զանգեզուրի հարցը», վաղը կարող է հայտնվել «Զանգեզուրի հակամարտությունը»: Հարցն արդեն օրակարգում է: Սակայն Ալիեւը չի կարող միաժամանակ երկու հարց ունենալ՝ Զանգեզուրի եւ Ղարաբաղի: Ուստի հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը փակ է, եւ այժմ անցնում է Զանգեզուրին եւ ասում է, որ դա իր «պապերի, նախապապերի հողն է» եւ այլն: Մենք հասկանում ենք, որ, հնարավոր է, որ Հեյդար Ալիեւը ծնվել է Սիսիանում, բայց դա չի նշանակում, որ դա նրանց հողն է: Ցանկացած մարդ կարող է ծնվել ցանկացած քաղաքում եւ պետությունում, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքը կամ պետությունը նրա պատմական տարածքն է: Մենք տեսնում ենք Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման շատ լուրջ մտադրություններ: Որպեսզի դրանք պարզապես հռետորաբանություն մնան, անհրաժեշտ է համապատասխան աշխարհաքաղաքականություն վարել: Կարծում եմ՝ դրա համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները:

Փաստացի Ալիեւը հրաժարվե՞լ է համանախագահներից:

Նրա «որոշման» համաձայն՝ այո: Սակայն կարծում եմ, որ դա դժվար է անել: Տվյալ դեպքում պետք է այլընտրանք լինի: Իսկ ինչպիսի՞ն է այլընտրանքը: Եւ ո՞վ կարող է ստեղծել դա: Հենց Ադրբեջա՞նը: Միայնա՞կ: Դա իրատեսական չէ եւ պարզապես ծիծաղելի է: Իսկ ո՞ւմ հետ: Ամեն դեպքում չէ՞ որ համանախագահող երկրները նույնպես ունեն շահեր այստեղ, նրանք հետաքրքրված են նրանում, որ տարածաշրջանը լինի կանխատեսելի: Առավելեւս հաշվի առնելով վերջին իրադարձությունները հարակից շրջաններում: Փաստացի Ադրբեջանը փորձում է ստեղծել ապակայունացման գոտի: Կարծում եմ, որ դա կվնասի միայն ուրիշ երկրներին, հեռատեսական չէ: Կարող է տուժել նաեւ ինքը՝ Ադրբեջանը:

Երեկ Ադրբեջանի նախկին ԱԳՆ Թոֆիկ Զուլֆուգարովը հնչեցրել է խաղաղապահներին տանկերով փոխարինելու գաղափարն ու անգամ խոսել նոր ցեղասպանության մեջ հնարավոր մեղադրանքների մասին:

Ինչ վերաբերում է տանկերին, ապա դա լավ հետեւանքներ չի ունենա հենց Ադրբեջանի համար:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում է հաղորդագրությունը օկուպացված տարածքներում «հայերի կողմից» թողնված կասետային ռումբի մասին, ինչից արվում են հեռու գնացող եզրակացություններ:

Ադրբեջանցիներն օկուպացված տարածքներում կարող են «գտնել» ամեն ինչ՝ ներառյալ միջուկային զենք: Տեղեկատվական պայքարը շարունակվում է: Այն արդեն փորձել է շահարկել «Իսկանդերի» շուրջ: Ըստ ամենայնի՝ Թուրքիայի օգնությամբ տեղափոխվել են Մերձավոր Արեւելքից ինչ-որ բեկորներ, որպեսզի մեղադրեն հայկական եւ ռուսական կողմերին իբրեւ «Իսկանդեր» օգտագործելու մեջ: Դա ապատեղեկատվության փորձված համակարգ է, որն Ադրբեջանում  հասել է մեծ բարձունքի: Սակայն չափազանց սարսափելի սուտը հազիվ թե վստահության արժանանա. այստեղ մենք Գեբելսի հետ համաձայն չենք: Այդ մեխանիզմն այստեղ չի աշխատում: