Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը հուլիսի 17-ին «Ուղեղների գրոհ. Հետընտրական Հայաստան, իրողություններ ու ակնկալիքներ» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրել է արտաքին քաղաքականության, արցախյան հարցի եւ տարածաշրջանային համագործակցության ոլորտներում խորհրդարանական ուժերի ծրագրային դիրքորոշումները:

«Արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթություններ

Բոլոր խորհրդարանական ուժերը որպես գլխավոր միջքաղաքական առաջնահերթություն են սահմանում հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ: Սակայն գոյություն ունեն զգալի տարբերություններ մյուս երեկրների եւ միջազգային կազմակերպությունների միջեւ առաջնահերթությունները բաշխելու հարցում:

Արտաքին քաղաքականության առումով երկրորդ առաջնահերթությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ԱՄՆ-ն է, այնուհետեւ ԵՄ-ն եւ ԵՄ երկրները, որոնցից հատկապես առանձնացվում է Ֆրանսիան: Այդ վարկանշում Իրանը գտնվում է հինգերորդ տեղում, Վրաստանը՝ վեցերորդ: Այնուհետեւ Չինաստանն է, Հնդկաստանն ու Ճապոնիան:

«Հայաստան» դաշինքի համար արտաքին քաղաքականության երկրորդ եւ երրորդ առաջնահերթությունն են Հայաստանի հարեւանները՝ Վրաստանն ու Իրանը: Չորրորդ տեղում է Չինաստանը, որին հաջորդում են միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները միասին գտնվում են վեցերորդ տեղում:

«Պատիվ ունեմ» դաշինքի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ շերտը զբաղեցնում են Ռուսաստանի գլխավորած տարածաշրջանային կառույցները՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն եւ ԱՊՀ-ն: Երրորդ եւ չորրորդ առաջնահերթությունն է, համապատասխանաբար, Իրանն ու Վրաստանը, հինգերորդ՝ ԵՄ-ն, վեցերորդ՝ ԱՄՆ-ն, յոթերորդ՝ Չինաստանը: Դաշինքը համալրում է Իրանի հետ հարաբերությունները երկու գործոնով՝ Հայաստան-Իրան-Հունաստան եւ Հայաստան-Իրան-Ռուսաստան:

Արցախյան հարց

Արցախյան հարցի նկատմամբ երեք խորհրդարանական ուժերի մոտեցումները նման են. դրանք ներառում են ռուսական խաղաղապահների ներկայությունը, բանակցությունների վերականգնումը Մինսկի խմբի շրջանակում, Արցախի դեօկուպացիան, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը: Կան նաեւ տարբերություններ:

ՔՊ-ի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ կուսակցությունը համարում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է դիտարկել «Առանձնացում հանուն փրկության» սկզբունքի համատեքստում: Կուսակցությունը համարում է, որ առաջնահերթ է տարածքաների դեօկուպացիան, որոնց վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախ, նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձը:

«Հայաստան» դաշինքը նաեւ շեշտադրում է «Արցախի տարածքի վերականգնումը ինքնորոշման իրավունքի հիման վրա», սակայն չի հստակեցնում՝ ինչ է նշանակում «Արցախի տարածք»:

«Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ նրանց կարծիքով՝ Արցախում ռուս խաղաղապահները պետք է ստանան ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակ: Բացի այդ, «Արցախին պետք է վերադարձվեն Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի շրջանների օկուպացված տարածքները, ինչպես նաեւ Շուշի եւ Հադրութ քաղաքները»:

Տարածաշրջանային համագործակցություն

Բոլոր երեք կողմերն ընդունում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որ տարածաշրջանի հաղորդակցությունները պետք է արգելաբացվեն: Ակնհայտ է, որ այդ փաստաթղթի ամենախնդրահարույց դրույթներից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են: Այդ առումով բոլոր երեք կողմերն ունեն տարբեր դիրքորոշում:

ՔՊ-ն հայտարարում է. «Հայաստանը միշտ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների»:

«Հայաստան» դաշինքի դիրքորոշումը հետեւյալն է. «Մենք կձգտենք Հայաստանի իրավունքների իրացմանը՝ որպես երկիր, որը չունի ելք դեպի ծով»:

«Պատիվ ունեմ» դաշինքը համարում է, որ, չնայած Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գործողությունները լավատեսություն չեն առաջացնում, սակայն «անհրաժեշտ է մշակել գործիքակազմ թուրք հասարակության հետ ուղիղ շփում հաստատելու, նրանց մեր մոտեցումներն ու պատկերացումները ներկայացնելու համար, որոնք կնպաստեն հասարակությունների միջեւ երկխոսության հաստատմանը»,-նշել է փորձագետը: