Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը դեռեւս մի քանի օր առաջ բացահայտ կերպով տարածքային պահանջներ է առաջադրել Սյունիքի, Սեւանի եւ անգամ Երեւանի նկատմամբ, այսօր՝ հուլիսի 18-ին, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ դրել է խաղաղասեր առաջնորդի դիմակն ու կոչ արել Հայաստանին «մտածել խաղաղության մասին եւ շրջել պատերազմի էջը»:

«Ուստի մենք համարում ենք, որ այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին եւ շրջել էջը [պատերազմի]: Մենք պատրաստ ենք դրան»,-ասել է Ալիեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ալիեւի կարծիքով՝ «ցուցադրելով բարի կամք եւ պրագմատիկ մոտեցում համեմատաբար կարճ ժամկետում կարելի է լուծել հարցերի մեծամասնությունը, որոնք դեռեւս դրված են սեղանին, եւ ստեղծել լայն տարածաշրջանային համագործակցության հիմքը»: «Այդ տեսանկյունից Եվրամիությունը խաղում է, եւ, համոզված եմ, կխաղաղ շատ կարեւոր դեր»,-հավելել է նա:

Ալիեւը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների օրակարգում մշտապես կլինեն հետպատերազմական զարգացման հարցերը: