Ինչպես նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ, Միացյալ Նահանգները կարծում է, որ մտահոգության տեղիք տվող մնացյալ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր։ Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության պատասխանում՝ Ադրբեջանի նախագահի «ղարաբաղյան հակամարտություն այլեւս չկա» հայտարարության վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան։ «Ինչպե՞ս է ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերաբերվում այս հայտարարությանը։ Նշանակո՞ւմ է դա արդյոք ԵԱՀԿ ՄԽ լուծարում։ Համաձա՞յն են արդյոք Վաշինգտոնում այն բանի հետ, որ «հակամարտությունը լուծվել է Ադրբեջանի պետության կողմից» հարցին դեսպանությունում պատասխանել են. «Ինչպես նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ, Միացյալ Նահանգները կարծում է, որ մտահոգության տեղիք տվող մնացյալ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել համակողմանի ու կայուն վերջնական կարգավորման հարցին՝ հիմնվելով կողմերին քաջ հայտնի սկզբունքների վրա։ Մենք շարունակում ենք կոչ անել կողմերին հնարավորինս շուտ վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ԵԱԿՀ Մինսկի խմբի հովանու ներքո»։