Կիպրոսի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին եւ Եվրամիությանը՝ լքված Վարոշա բնակավայրի վերաբացման Թուրքիայի որոշման կապակցությամբ` հայտարարելով, որ այդ քայլը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւերը եւ կարող է խափանել խաղաղության ջանքերը, հայտնում է AP-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը զրուցել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ եւ նամակ է ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին:
Կիպրոսցի թուրքերի «առաջնորդ» Էրսին Թաթարը ավելի վաղ հայտարարել էր, որ Վարոշայի 3,5 քառակուսի կիլոմետրանոց հողամասը ռազմական վերահսկողությունից կանցնի քաղաքացիականի:
Թաթարն այդ հայտարարությունն արել է թուրքական ներխուժման 47-րդ տարեդարձի կապակցությամբ ռազմական շքերթից առաջ, որին մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: