Հայաստանում արագիլները վերջին տարիներին շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով անհետանալու սպառնալիքի տակ են հայտնվել։

Արդեն մի քանի տարի էկոլոգները տագնապ են հնչեցնում։ Նրանց, մասնավորապես, հուզում է այն, որ հանրապետության Արմավիրի եւ Արարատի մարզերում ավելի հաճախ կարելի է տեսնել սեւացած թեւերով արագիլների։ Դա, էկոլոգների կարծիքով, վերահաս էկոլոգիական աղետի վառ ապացույցն է։

Արագիլներին բավական հաճախ կարելի է տեսնել Մասիսի աղբանոցում։ Նրանք այնտեղ բավական շատ են։ Անցած տարի հենց այդ աղբանոցն էին մեղավոր համարել արագիլների աղտոտման համար, սակայն ամբողջ մեկ տարի, ըստ էության, ոչինչ չի փոխվել։ Թափոնների գրագետ կառավարում եւ բաշխում այստեղ այդպես էլ չկա։

Կենդանաբան Լուսինե Աղաջանյանը, օրինակ, կարծում է, որ խնդիրն ավելի գլոբալ է, եւ այն չի կարելի նեղացնել թափոն արտադրող մեկ ձեռնարկության շրջանակով։