Ես «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը չեմ հանդիսանում իմ կամքով. ես եմ անձնապես խնդրել մեր հիմնադրին, որ ինձ ժամանակավորապես ազատեն այդ պաշտոնից, որպեսզի դա շահարկման առարկա չլինի, որ լինելով տնօրեն ես կարող եմ ազդեցություն ունենալ եւ այլն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը:

«Այսօր իմ առաջ երկու հնարավորություն կա՝ վերադառնալո «Իզմիրլյան» ԲԿ տնօրինությանը, երկրորդ՝ ընդունել ԱԺ պատգամավորի մանդատը «Հայաստան» դաշինքի կողմից եւ իմ գործունեությունը շարունակել ԱԺ-ում»,-ասաց նա:

Իսկ երբ նրա պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց, որ ինքն արդեն հայտարարել է, որ պարոն Չարչյանը մանդատը վերցնելու է, բժիշկն արձագանքեց. «Դե եթե պաշտպանը արդեն հայտարարել է, ես իրեն լրիվ հավատում եմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր դատարանը փոխեց Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքի միջնորդությունը եւ 15 մլն գրավի դիմաց ազատ արձակեց:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։