Քաղաքական ճգնաժամն ընտրություններով հաղթահարված համարել չի կարելի, քանի որ ճգնաժամի առաջացման պատճառները լուծված չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

«Ճգնաժամը պայմանավորված է Արցախի Հանրապետության մեծ մասի կորստով, Արցախի կարգավիճակի հարցում և բանակցային գործընթացում  որոշակիության բացակայությամբ՝  Հայաստանի դիրքորոշման մասով, և վերջերս նաև Հայաստանի տարածքային ամբողջականության խնդրով: Դրանք են անորոշության և ներքին քաղաքական ճգնաժամի աղբյուրները, որոնք չեն կարող լուծվել ընտրությունների միջոցով»,- նշեց նա:

Սոս Հակոբյանի խոսքով՝ ատելության խոսքի հիմնական աղբյուրը մշտապես  հենց իշխանությունն է եղել՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

«Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է: Եթե նա զսպի իր խոսույթը և այլ մակարդակով հանդես գա, որը քիչ հավանական է՝ հաշվի առնելով հետագիծը, ապա առհասարակ հանրապետությունում քաղաքական մշակույթը այդքան ցածր մակարդակի վրա չի լինի»,- ասաց Սոս Հակոբյանը:

«Հայրենիք» կուսակցության խոսնակն ընդգծեց, որ խորհրդարանական գործունեության ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքը քննդատելու է բոլոր այն նախագծերը, որոնք հստակ խնդիր են առաջացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։

«Իսկ եթե ինչ-որ հրաշքով լինի որևէ նախագիծ կամ նախաձեռնություն, որը օգուտ է բերելու Հայաստանին, բնական է՝ մենք չենք փորձելու մենակ քարկոծել զուտ այն բանի համար, որ դա մեր հակառակորդների բերածն է: Իսկ ինչ վերաբերում է արտերկրում միջխորհրդարանական գործունեությանը, այդ ժամանակ միակ խնդիրը լինելու է Հայաստանի Հանրապետության շահը առաջ տանելը, այլ ոչ թե ներքաղաքական խնդիրների քննարկումը: Սա մեր մոտեցումն է, որը, կարծում եմ, շատ ավելի գործնական է, քան  ձեռք սեղմել-չսեղմելու մասին խոսելը»,- նշեց Հակոբյանը:

Հարցին, թե կպատասխանի ընդդիմադիր դաշինքը Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին, Հակոբյանը պատասխանեց.  «Իհարկե՝ ոչ։ Այս ամենից հետո ինչ-որ սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը նման է ձեռառնոցու»։