Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի 1973 թվականի աշխատանքի ձեռագիր դիմումը կրկին աճուրդի է հանվել: Այս անգամ կարելի է խաղադրույք կատարել բնօրինակ փաստաթուղթը կամ NFT տարբերակը գնելու համար, գրել է CNBC-ն:

Ջոբսը դիմումը գրել է Ռիդ քոլեջը թողնելուց հետո եւ Apple-ը հիմնելուց երեք տարի առաջ: Դրանում չի նշվում պաշտոն կամ ընկերություն, սակայն ասվում է, որ նա հետաքրքրված է ինժեներ-կոնստրուկտորի պաշտոնով: Նրա հմտությունները ներառում էին աշխատանք համակարգչով եւ հաշվարկների փորձ: Ջոբսը Սթիվ Վոզնյակի հետ համատեղ 1976 թվականին հիմնադրել է Apple-ը:

NFT-ը ակտիվներ են, որոնք սեփականության իրավունքը փոխանցում են վիրտուալ էլեմենտի, օրինակ՝ պատկերի, թվիթի կամ տեսանյութի, որոնց համար սովորաբար վճարում են Ethereum կրիպտոարժույթով: Ակտիվը միաժամանակ կարող է պահվել միայն մեկ անձի կողմից, իսկ սեփականության իրավունքը գրանցվում է թվային գրանցամատյանում, որին աջակցում են կրիպտոարժույթները, ինչպիսին է բիթքոինը:

Աճուրդի կայքում ասվում է, որ այն վաճառում է Ջոբսի դիմումի իրական պատճենը եւ թվային տարբերակը: Սա սեփականատիրոջը նաեւ հնարավորություն է տալիս մեկ փաստաթղթով ավելի շատ գումար աշխատել: Ըստ վերջին տվյալների՝ ֆիզիկական տարբերակի առավելագույն դրույքաչափը 1,000 դոլար է, իսկ NFT-ի համար՝ 545,93 դոլար: Վերջին անգամ դիմումը վաճառվել է 222 հազար դոլարով:   
Կոլեկցիոներները պատրաստ են մեծ գումարներ վճարել NFT-ի համար: Մարտին Christie's աճուրդի տունը 69 միլիոն դոլարով վաճառել է «Բիփլ» թվային նկարչի նկարները: Հունիսին, երբ NFT-ի վաճառքը սկսեց նվազել, թուլացավ թվային հավաքածուների շուրջ իրարանցումը: