ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ելույթ է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պատիվ է դիմել բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին, երբ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 75-ամյակն ենք տոնում: Սա նշանակալից հանգրվան է Խորհրդի համար, որն իր գոյության ողջ ընթացքում եղել է համաշխարհային զարգացման օրակարգի առաջամարտիկը և, իր հերթին, կարևոր դեր է խաղացել Կայուն զարգացման նպատակների ձևավորման գործում:

Նախորդ տարին բարենպաստ չէր 2030թ. օրակարգի իրագործմանն ուղղված մեր համատեղ ջանքերի համար: Կորոնավիրուսի համավարակի շարունակականությունը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, լրջորեն վնասել համաշխարհային տնտեսությունը և գերծանրաբեռնել առողջապահական համակարգն ամբողջ աշխարհում:

Մի շարք կայուն զարգացման նպատակների թիրախային ոլորտներ վիթխարի հարված են ստացել և կրկնակի ջանքեր կպահանջվեն կանխատեսված արդյունքները մինչև 2030թ. իրագործելու համար:

Համավարակն ակնհայտ կերպով ի ցույց դրեց նաև պետությունների միջև անհավասարությունների մասշտաբները, մասնավորապես՝ պատվաստանյութերի բաշխման տեսանկյունից: Մենք կողմնակից ենք ուժեղացված աջակցությանը COVAX նախաձեռնությանը, որը թույլ կտա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին ստանալ համաչափ քանակությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր: Առանց գլոբալ ջանքերի անհնար կլինի ամբողջովին զսպել այս համավարակը և վերադառնալ բնականոն կյանքի:

Կարևոր է նաև անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար` հավատարիմ մնալով «Չանտեսելով ոչ մեկին» մեր միասնական խոստման ոգուն։

Պարոն նախագահ,

Անցյալ տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումում Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Չնայած համավարակի պատճառով առաջացած դժվարություններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակել է քայլեր ձեռնարկել մինչև 2030թ. օրակարգի իրականացման ուղղությամբ:

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում 2020թ. սեպտեմբերին կառավարությունը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050թ., որը հիմնված է հաջորդ 30-ամյա ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական, կրթական և մարդկային զարգացման երկարաժամկետ 16 գերնպատակների վրա: Հայաստանի վերափոխման ռազմավարության նպատակները սերտորեն կապված են կայուն զարգացման օրակարգի նպատակների հետ՝ արդյունավետ համադրելով ԿԶՆ-երը Հայաստանի ազգային առաջնահերթությունների և բարեփոխումների ծրագրի հետ:

Հայաստանը մտադիր է հաջորդ տարի ներկայացնել իր երրորդ կամավոր ազգային զեկույցը՝ հավատալով, որ այն արդյունավետ գործիք է լավագույն փորձի և գաղափարների փոխանակման, Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ մեր միասնական ջանքերի ինչպես ձեռքբերումների, այնպես էլ թերությունների բացահայտման գործում:

Նաև կցանկանայի առիթից օգտվել և ընդգծել այս տարվա հունիսին Հայաստանում տեղի ունեցած ազատ, արդար և ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի բնակչությունը ուժեղ մանդատ տվեց կառավարությանը` շարունակելու իր բարեփոխումների օրակարգը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը` ի շահ իր ժողովրդի:

Հայաստանի կառավարությունը հանձնառու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ցանկանում է սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի իր գործընկերների հետ՝ այդ ուղղությամբ մեր առաջընթացն ապահովելու համար: