ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Գի Մունը հայտարարել է, որ պանդեմիայի պատճառ է դարձել կլիմայի փոփոխությունը:

«Այսօր ողջ մարդկությունը չտեսնված տառապանքներ է կրում, որոնք առաջացրել է նոր կորոնավիրուսը…պատվաստման սկզբում շատ երկրներում լավատեսական հեռանկարներ կային՝ վերադառնալու նորմալ կյանքի: Սակայն դա արագ վերափոխվեց վիրուսի նոր մուտացիայով»,-ասել է նա:

Նա նշել է, որ ոչ ոք չգիտի՝ երբ կավարտվի այս ողբերգական իրողությունը, սակայն վստահ է, որ այն կարելի է հաղթահարել:

«Ո՞րն է այս իրավիճակի պատճառը: Կարծում եմ՝ դա կլիմայի փոփոխությունն է, որը հարուցել է մարդկության ընչաքաղց պահվածքը»,-ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ ինքն իր աչքով տեսել է՝ ինչպես են նվազում բեւեռային սառույցները, իսկ ծովի մակարդակը բարձրանում է, այդ ամենը հետագայում կարող է հանգեցնել ափամերձ քաղաքների եւ կղզային պետությունների համար ողբերգական հետեւանքների: