ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է Կիպրոսի Ֆամագուստայում Վարոշայի եւս մեկ թաղամաս բացելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները եւ կոչ է արել անհապաղ հրաժարվել գործողությունների նման ընթացքից, ասվում է Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Անվտանգության խորհուրդը դատապարտում է 2021 թվականի հուլիսի 20-ին Կիպրոսում թուրքերի եւ կիպոսցի թուրքերի ղեկավարների հայտարարությունը՝ Վարոշայի պարսպապատ գոտու մի մասի հետագա վերաբացման վերաբերյալ: Անվտանգության խորհուրդը խորապես ցավում է այդ միակողմանի գործողությունների համար, որոնք հակասում են նրա նախկին բանաձեւերին եւ հայտարարություններին»,- ասված է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի բանաձեւերի համաձայն, Վարոշան պետք է լինի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իրավասության տակ, բայց, ըստ էության, այնտեղ է գտնվում Թուրքիայի ռազմական զորախումբը:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1984թ. բանաձեւն անընդունելի է համարում Վարոշայի որեւէ մասի բնակեցման փորձերը այն մարդկանց կողմից, որոնք նրա բնակիչները չեն, եւ կոչ է անում այդ տարածքը փոխանցել ՄԱԿ-ի վերահսկողության ներքո: