Հայաստանում էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ բացելու՝ Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագիծը ընդլայնում է իր աշխարհագրությունը:

Ուկրաինայի հայերը եւս 15 էլեկտրալցակայան են ծրագրում կառուցել Հայաստանի քաղաքներում, AnalitikaUA.net-ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող եւ համակարգող Ռոման Չոբանյանը:

Նրա խոսքով՝ առաջին փուլում նախատեսվում է տեղադրել 10 էլեկտրալցակայան Երեւանում եւ 5-ը՝ մարզերում:

Ինչպես հայտնի է, Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության` էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ բացելու սոցիալական նախագիծը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել 2019 թվականին՝ Տավուշի մարզում:

Լրատվամիջոցը հիշեցնում է նաեւ, որ շատ շուտով Երեւանի Օղակաձեւ զբոսայգում չմուշկների պուրակ է բացվելու՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Երեւանին: