Միգրացիայի մասով իրավիճակը անհասկանալի է, որովհետեւ եթե մինչեւ 2014 թվականի ճգնաժամը Ռուսաստանում աշխատավարձը բարձր էր, արտագնա աշխատողը ստանում էր ամսական 1000-1200 դոլար աշխատավարձ, ապա հիմա ստանում է ընդամենը 500-700 դոլար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Նախկինում այդ 1000-1200 դոլարից 300-400 դոլարը ապրելու ու կոցարանի վրա էր ծախսվում, մնացածը տուն էին ուղարկում: Այսօր աշխատավարձերը նվազել են, 500-700 դոլար են վճարում: Դրանից 300-400 դոլարը ուտելու եւ կացարանի վրա է գնում: Այսինքն Հայաստանում նույն գումարը կարող էին վաստակել: Դա նշանակում է, որ Հայաստան վերադառնալու, Հայաստանը շենացնելու  կարիք իրոք կա: Ուղղակի իրենք ասում են աշխատանք չկա, եւ այստեղ պետությունը պետք է օգնի: Օրինակ, պետպատվերը շինարարության ոլորտում կարող է շատ օգտակար լինել»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանն անդրադարձավ նաեւ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող 2,6 մլրդ եվրոյի օժանդակությանը՝ նշելով. «Տեսեք, հսկայական գումարներ են մտնելու Հայաստան, որոնց էական մասը ծախսվելու է ենթակառուցվածքների վրա: Դա նշանակում է, որ մենք ճանապարհներ կամուրջներ, պահեստներ, ջրամբարներ կառուցելու կարիք ունենք: Ո՞վ պետք է դա կառուցի, այսօր մասնագետների լուրջ կարիք կա: Այսինքն Ռուսաստանից շինարարական մասնագետների մեծ մասը կարող են հանգիստ վերադառնալ ու աշխատել Հայաստանում: Այստեղ պետությունը պետք է հստակ հայտարարի, թե որ ոլորտներում ինչ աշխատողի կարիք ունի, որքան են աշխատավարձները: Ինքը այդ պատվերը պետք է տա: 

Այսօր շինարարությունում սեւ բանվորի աշխատանքի համար վարձատրում են օրական 6 հազար դրամ, բայց ոչ ոք չի ուզում այդ աշխատանքն անել: Իսկ հնդիկները այդ աշխատանքն անում են, նույնիսկ ավելի քիչ գումարով: Աշխատուժը կարող էլուրջ պրոբլեմ դառնալ թե տեղական, թե օտարերկրյա ներդրողների համար»,-ասաց նա: