Հնդկաստանի Օդիշա նահանգի Բհուբանեսվար քաղաքում (Օրիսա) կատուն կես ժամ պաշտպանել է տիրոջ տունը մահացու վտանգավոր կոբրայից, մինչ ընտանիքը սպասել է օձ բռնողին: Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը:

Ընտանի կատուն փակել է կոբրայի ճանապարհը, որը փորձել է սողալով մտնել Սամպադ Կումար Պարիդայի տուն:

Տեսնելով վտանգավոր սողունին՝ Պարիդան եւ նրա ընտանիքը խուճապի են մատնվել եւ կանչել են օձ բռնողին: 30 րոպե, մինչ մասնագետը մեքենայով շարժվում էր դեպի այդ վայրը, կատուն հսկել է տունը եւ թույլ չի տվել, որ կոբրան ներս մտնի:

Կենդանու տերը ասել է, որ իր ընտանի կենդանին մեկուկես տարեկան է, իսկ տանը նրան ընդունում են որպես ընտանիքի անդամի: