Իտալիայում COVID-19-ով վարակումների քանակի լուրջ աճ է գրանցվել, եւ այս պահին կորոնավիրուսը ախտահարում է երիտասարդ սերնդին, ուրբաթ օրն ասել է Առողջապահության բարձրագույն ինստիտուտի (ISS) նախագահ Սիլվիո Բրուզաֆերոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իտալիայի առաջատար բժշկական փորձագետներից մեկը նշել է, որ վերջին շաբաթներին նկատվում է Rt վարակի տարածման գործակցի արագ մեծացում, ինչը որոշում է մարդկանց միջին քանակը, որոնց մեկ հիվանդ է վարակում:

Բրուզաֆերոյի խոսքով, COVID-19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ մոնիթորինգի վերջին ուսումնասիրությունը Rt-ն արձանագրել է 1,29-ի մակարդակի վրա, բայց հաջորդ շաբաթ այս հիմնարար ցուցանիշը կբարձրանա մինչեւ 1,55: Դեռեւս հուլիսի 9-ին Ապենինյան թերակղզում Rt-ն 0,66 է եղել, այսինքն՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում այն գրեթե կրկնապատկվել է:

«Միեւնույն ժամանակ, վարակված մարդկանց միջին տարիքը իջել է մինչեւ 25 տարեկան, իսկ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող պացիենտների միջին տարիքը՝ մինչեւ 55 տարեկան»,- Իտալիայի առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ISS-ի ղեկավարը։

«Վարակների նկատելի աճ է դիտարկվում գրեթե բոլոր մարզերում: Այն ընդգրկում է 10-19 տարեկան եւ 20-29 տարեկան մարդկանց, այսինքն` համավարակի շրջանակներում նոր դեպքերի թվի աճը տեղի է ունենում առավել երիտասարդ սերունդների հաշվին»,- ասել է Բրուզաֆերոն: