Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի հուղարկավորությունը տեղի ունեցավ ուրբաթ: Արարողությանը ներկա են եղել քաղաքական գործչի այրին՝ Մարտին Մոիզը եւ հանրապետության ղեկավարության անդամները. այն ուղիղ եթերով հեռարձակում էր երկրի պետական ​​հեռուստատեսությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Ժովենել, քեզ դավաճանեցին եւ բարբարոսաբար սպանեցին: Սակայն քո ամենամեծ մեղքը երկրի հանդեպ սերն էր, թույլերին եւ ամենախոցելիներին պաշտպանելու ձգտումը, երկիրը կոռումպացված օլիգարխներից ազատելու ձգտումը», - հրաժեշտի խոսքում ասել է Մարտին Մոիզը: «Մենք բռնություն կամ վրեժխնդրություն չենք ցանկանում, սակայն երբեք չենք հանձնվի վախի առաջ, պետք է ուղիղ դրա աչքերի մեջ նայենք եւ ասենք, որ ամեն ինչ անցյալում է: Մենք պարտվեցինք մարտում, բայց չպարտվեցինք պատերազմում»:

Ավելի վաղ արարողության վայրի մոտ անկարգություններ են տեղի ունեցել, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, լսվել են կրակոցներ: Բողոքի ցույցերի մասնակիցները հաճախ ընդհատել են հրաժեշտի խոսքեր արտասանողներին: Արարողությունը ղեկավարող քահանան պարբերաբար ստիպված է եղել բղավել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի պաշտոնական պատվիրակությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակից շուտ հեռացել են:

Բողոքի ցույցերը ստիպել են իշխանություններին հինգշաբթի հրաժեշտի պաշտոնական արարողությունն անցկացնել կրճատված ձեւաչափով: Այդ ժամանակ ցուցարարները հարձակվել են պաշտոնյաների սգո երթերից մեկի վրա՝ քարեր նետելով նրանց ծառայողական մեքենաների ուղղությամբ: Արարողությանը հրավիրված ոստիկանության ու անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել օդ կրակել՝ անկարգությունների մասնակիցներին հետ մղելու համար: