Էլեկտրամոբիլների արտադրության Rivian ստարտափը հայտարարել է, որ մասնավոր ֆինանսավորման 2,5 միլիարդ դոլար է հավաքել՝ իր ընդհանուր կապիտալը հասցնելով 10,5 միլիարդ դոլարի, հայտնում է Axios-ը:

Այդ փողերը կօգնեն ֆինանսավորել ընկերության աճի հաջորդ փուլը, ներառյալ ԱՄՆ-ում հավաքման երկրորդ գործարանի կառուցումը, որը կներառի նաեւ մարտկոցների արտադրություն:

«Քանի որ մենք մոտենում ենք ավտոմեքենաների արտադրության մեկնարկին, շատ կարեւոր է առաջ շարժվել եւ ապահովել Rivian ընկերության աճը»,- ասել է Rivian-ի գլխավոր տնօրեն RJ Scaringe-ը:

Rivian-ը համավարակի հետեւանքների եւ կիսահաղորդչային չիպերի անբավարարության պատճառով վերջերս հետաձգել է իր շատ սպասված R1T էլեկտրական պիկապի եւ R1S ամենագնացի թողարկումը մինչեւ այս տարվա աշուն: