Նա շատ բարի էր, տրամադրություն էր բոլորի համար, նա իր 30 տարվա դուդուկը իր ստորագրությամն նվիրել է ինձ, և ես շատ հպարտությամբ դա կպահեմ: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց երաժիշտ Արա Գեւորգյանը` խոսելով դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասին

«Ակնհայտ է բոլորի համար, որ Վարպետ Ջիվանը մեծ ավանդ ունեցավ դուդուկի տարածման և դրա պրոպագանդայի գործում: Հայտնի խոսք ուներ՝ ասում էր՝ դուդուկը ինձ հայտնի դարձրեց, ես՝ դուդուկին: Մեծ ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր երկրից ևս մեկ գույն պակասեց: Նրա 90 ամյակին ասացի, եթե քո հոբելյանին 90 դուդուկ նվագեն, ինչպե՞ս կզգաս քեզ, ասաց՝ անհնար է, նման բան չի եղել: Բարեբախտաբար 112 դուդուկահար եկան և Օպերայի բեմահարթակի վրա վարպետի ծննդյան օրը ներկա գտնվեցին: Նա շատ բարի էր, տրամադրություն էր բոլորի համար, նա իր 30 տարվա դուդուկը իր ստորագրությամն նվիրել է ինձ, և ես շատ հպարտությամբ դա կպահեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտը տվեցին մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

 Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: