Սան Դիեգոյի կենդանաբանական այգում ձյան ընձառյուծի COVID-19-ի թեստը դրական է եղել, ինչը ստիպել է գազանանոցին ժամանակավորապես փակել կենդանու տարածքը այցելուների համար, հաղորդում է The New York Post-ը:

Կենդանաբանական այգու աշխատակիցները հինգշաբթի օրը առաջին անգամ նկատել են, որ 9-ամյա արու ընձառյուծ Ռամիլը հազում է ու քթից հոսում է, եւ կենդանու կեղտն ուղարկել են անալիզի, ասվում է Սան Դիեգոյի Վայրի բնության դաշինքի հայտարարության մեջ:

Լաբորատորիան հաստատել է վիրուսի առկայությունը, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Կենդանաբանական այգին սպասում է, որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության Ազգային անասնաբուժական ծառայության լաբորատորիաները նույնպես հաստատեն արդյունքները:

Դեռ պարզ չէ, թե ինչպես է ընձառյուծը վարակվել վիրուսով:

Գազանանոցը հայտնել է, որ կենդանիների համար հատուկ սպիտակուցային պատվաստանյութի տեսքով նվիրատվություններ է ստացել, որը պաշտպանում է նրանց COVID-19-ից, սակայն ընձառյուծին այն չի ներարկվել:

Հաստատությունը հավաստիացրել է, որ կենդանին իրեն լավ է զգում եւ էգի ու հեռավորարեւելյան երկու հովազի հետ միասին կարանտինի մեջ է։