Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում մեքսիկացի հնագետները մեծ ծախսերի պատճառով ստիպված են կրկին թաղել անսովոր գտածոն, որն իր մեջ միավորում է գաղութային եւ նախաիսպանական հատկություններ: Այս մասին հայտնում է Planet Today-ը:

Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտը 2019 թվականին Մեխիկոյի ծայրամասում հայտնաբերել է ջրհեղեղների դեմ պայքարի թունել, որում օգտագործվել են շինարարության իսպանական մեթոդներ, ընդ որում՝ դրանում փորագրված են ացտեկների խորհրդանիշներ:

Գտածոյի հիման վրա գիտնականները նախատեսում էին թանգարան ստեղծել, բայց այս շաբաթ ինստիտուտի հնէաբանները հայտնել են, որ պարզապես գտածոն նորից հողի տակ են դնում: Մասնագետները հույս ունեն, որ մի օր բավականաչափ գումար կունենան ցուցահանդես կազմակերպելու համար:

Թունելը հայտնաբերվել է հակաջրհեղեղային հնագույն պատի մեջ՝ ավտոբուսային գծի կառուցման ժամանակ: Փորձագետները կարծում են, որ նախաիսպանական խորհրդանիշները կարող էին պատի մեջ դրված լինել բնիկ բանվորների կողմից, որոնք դրա շինարարության ընթացքում հիմնական աշխատուժն են եղել: