Արեւմտյան Գերմանիայի աղետի շրջաններում կրկին անձրեւներ են սկսվել: Առավել տուժած բնակավայրերի բնակիչներին տարհանում են առաջարկել: Տեղումների սպասվող քանակը չի գերազանցում մեկ քառակուսի մետրի համար 30-40 լիտրը, որոշ շրջաններում` ոչ ավելի, քան 10 լիտրը, բայց կիրակի եղանակային պայմանները կարող են վատթարանալ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Օդերեւութաբանական գործակալությունը նախազգուշացրել է նաեւ Ռեյնլանդ-Պֆալցին սահմանակից Սաար նահանգում փոթորիկների ռիսկի ավելացման մասին: Վտանգի տակ են գտնվում նաեւ Գերմանիայի հարավային ալպյան շրջանները, որոնք մոտ են Շվեյցարիային եւ Ավստրիային:

Մոտ 30 000 փրկվածներ դեռ չունեն էլեկտրականություն եւ խմելու ջուր:

Ջրհեղեղները ամայացրել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա եւ Ռեյնլանդ-Պֆալց նահանգների մի քանի շրջաններ, որոնք այժմ պատրաստվում են ավելի շատ տեղումների: