Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է սանիտարական անցագրերի ներդրման եւ բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումների դեմ ցույցերը: Երկրի ղեկավարը Ֆրանսիական Պոլինեզիա քառօրյա աշխատանքային այցի ժամանակ ելույթ է ունեցել Պապետեի գլխավոր հիվանդանոցում, որտեղ նրան դիմավորել են ցուցարարները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կան մարդիկ, ովքեր այժմ դիմում են ցինիկ եւ իռացիոնալ գործողությունների, հասարակական կարծիքի շահարկման: Չի կարելի բողոքել վիրուսի դեմ պայքարի միջոցառումների դեմ, քանի որ վիրուսը ուշադրություն չի դարձնում որեւէ ցույցի: Ոչ մի ազատություն հնարավոր չէ առանց որոշակի պարտականությունների կատարման: Եթե մարդը ցանկանում է ազատ լինել, եթե նա հարգում եւ սիրում է այլ մարդկանց, ապա միակ բանը, որ նա պետք է անի՝ պատվաստվելն է, դրանից հրաժարվելը անպատասխանատու վարքագիծ է ու եսասիրություն»,- ասել է Մակրոնը:

«Ես այս որոշումը կայացրել եմ բացարձակ գիտակցաբար, եւ լիովին վստահ եմ դրա ճիշտ լինելու մեջ»,- ընդգծել է նախագահը:

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը հավանություն էր տվել բժշկական անձնակազմի, հրշեջների եւ զինվորականների մի շարք կատեգորիաների պարտադիր պատվաստումների ներդրման մասին օրենքին: Այս շաբաթ ավելի քան 50 մարդու մասնակցությամբ միջոցառումներին մասնակցելու համար առողջության անցագիր ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել: Նախատեսվում է զգալիորեն ընդլայնել դրա կիրառումը: