Հաջի Բեյլագանսկին, որի իրական անունը Հաջիբաբա Թալիբխանդի է, գողի տիտղոս է ստացել՝ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մերձավոր եւ խորհրդատու Իլգար Ալիեւի (Դանաբաշ) սպանության համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով արդարադատության գնդապետ Ալեքսեյ Պիշչուլինին:

«Հետաքննությունը պարզել է, որ 2012-ի դեկտեմբերին ԱՄԷ-ում տեղի ունեցած հավաքի ժամանակ Ռովշան Լենքորանսկին «օրենքով գող» է թագադրել այն ժամանակվա 30-ամյա Հաջիբաբա Թալիբխանդին, որն այժմ հայտնի է որպես Հաջի Բեյլագանսկի: Ավելին, այս իրադարձության ժամանակ Լենքորանսկին բացահայտ ասել է, որ Խաջին մտերիմ անձնավորություն է, եւ նա արժանի է գողի կոչման, քանի որ ոչնչացրել է Դանաբաշին»,- ասել է գնդապետ Պիշչուլինը:

Պարզվել է, որ Դանաբաշի սպանությունից հետո Մոսկովյան շրջանի մրգերի եւ բանջարեղենի բազաներն ամբողջությամբ անցել են Հաջի Բեյլագանսկու վերահսկողության տակ:

«Օրենքով գող» Իլգար Դանաբաշը սպանվել է 2012 թվականի ապրիլի 19-ին՝ Մոսկվայի կենտրոնական Պրեսնենսկի Վալ փողոցում: Մեկ տարի չանցած՝ 2013-ի հունվարին, Հաջին մայրաքաղաքում գնդակահարել էր Դեդ Խասանին: Դեդ Խասանի հուղարկավորությունից անմիջապես հետո իրավապահ մարմինները կարողացել են բացահայտել սպանությունը՝ շնորհիվ իրենց անընդհատ եկող օպերատիվ տեղեկատվության: