Նիկարագուայի ոստիկանությունը տնային կալանք է տվել նախագահի պաշտոնի յոթերորդ հավակնորդին, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր նրանք, ովքեր կարող էին մարտահրավեր նետել նախագահ Դանիել Օրտեգային նոյեմբերի 7-ի ընտրություններում, կալանավորվել են, գրում է Associated Press-ը։

Ընդդիմության ղեկավար Նոել Վիդաուրեն շաբաթ օրը կալանքի տակ է վերցվել իր տանը, ինչպես եւ քաղաքական մեկնաբան Հայմե Արելյանոն։ Արելյանոյին հարցաքննության են կանչել նախագահի ելույթը քննադատելու առիթով։

Վիդաուրեն նախագահի պոտենցիալ թեկնածուներից մեկն էր ընդդիմադիր Alianza Ciudadanos por la Libertad խմբից։

Վեց այլ պոտենցիալ թեկնածու կալանավորվել է բռնաճնշումների ընթացքում, որոնք սկսվել են մոտ երկու ամիս առաջ։ Կալանավորվել են նաեւ մոտ երկու տասնյակ այլ լրագրողներ եւ ընդդիմության ակտիվիստներ։

Նախագահական ընտրությունները Նիկարագուայում պետք է կայանան նոյեմբերի 7-ին։  Թեկնածուների գրանցումը տեղի կունենա հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 2-ը։ Նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը համարվում է պետության ներկայիս ղեկավար, կառավարող «Ազգային ազատագրության սանդինական ճակատի» առաջնորդ Դանիել Օրտեգան։ 75-ամյա քաղաքական գործիչը նախագահի պաշտոնին կառաջադրվի չորորդ անգամ անընդմեջ։