Դանիացի փորձագետները կարողացել են պարզել Թոլունդի հանրահայտ ճահճային մարդու վերջին ընթրիքի բաղադրությունը։ Հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս ավելի շատ բան իմանալ Դանիայում երկաթե դարաշրջանի կյանքի մասին, գրում է Planet Today-ը։

Մարդը Թոլունդից հայտնաբերվել է 1950թ. Դանիայի տարածքում գտնվող ճահիճներից մեկում։ Նրա մնացորդներն այնքան լավ վիճակում էին, որ դրանք գտնողները սկզբում ոստիկանություն են կանչել՝ մտածելով, որ սպանություն է կատարվել։ Ավելի ուշ պարզվել է, որ մարմինը հնագույն դարաշրջանից է։

Գիտնականները պարզել են, որ տղամարդը 30-40 տարեկան էր, ապրել է մ.թ.ա. 405 եւ 380 թվականների արանքում եւ թաղվել ձախ կողքի պառկած՝ քնածի դիրքում։ Տղամարդը զարմանալիորեն լավ է պահպանվել, նրա դեմքին հստակ երեւում են կնճիռները։

Կարեւոր գործոն է պարանոցի շուրջ կաշվե փոկը, որը նշանակում է, որ տղամարդուն սկզբում կախել են, իսկ հետո թաղել ճահճում, որտեղ էլ մնացել է ավելի քան 2400 տարի։ Հնագետները եկել են այն եզրակացության, որ մարդը Թոլունդից ծիսական զոհաբերության վկայություն է։

Նրա վերջին կերակրի ուսումնասիրությունը թույլ է տալիս ստանալ տեղեկություն ինչպես զոհաբերության ծեսերի, այնպես էլ տվյալներ Դանիայում երկաթե դարի ամենօրյա կյանքի մասին, ինչպիսին են դիետան, առողջությունը եւ հիգիենան։

Ստամոքսի եւ աղիների ուսումնասիրությունից պարզվել է այն սնունդը, որը նա կերել է մահվանից 12-24 ժամ առաջ։ Ուսումնասիրելով հատիկավորները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ նա կերել է գարու, վուշի եւ վայրի բույսերի սերմերի ապուր, որում եղել է նաեւ ձուկ, ենթադրաբար՝ օձաձուկ։

Աղիներում հայտնաբերվել են նաեւ մակաբույծների հետքեր, որոնք տարածվել են վարակված ջրի եւ սննդի, ինչպես նաեւ հում կամ կիսահում մսի օգտագործման պատճառով։