Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի համար այլընտրանք է գտել «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումից հետո։ Այս մասին նա ասել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։

Սաակաշվիլին նշել է, որ գազատարի կառուցման ավարտից հետո Ուկրաինան պետք է սկսի մշակել սեփական ռեսուրսները, մասնավորապես՝ «կանաչ» ջրածին։ Նրա խոսքով՝ չի կարելի վստահել երաշխիքներին, թե գազի տարանցումն Ուկրաինայով կշարունակվի նախագծի իրագործումից հետո։ Կիեւի աշխարհաքաղաքական նշանակությունը միայն կպակասի «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքն սկսվելուց հետո, ամփոփել է Վրաստանի նախկին նախագահը։

Բացի այդ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը Մոսկվային մեղադրել է այն բանում, որ վերջինն իբր ցանկանում է «փակել Ուկրաինայի համար» Սեւ ծովը, քանի որ հենց երկրի հարավում են գտնվում «կանաչ» ջրածնի գլխավոր պաշարները։