Էլեկտրամոբիլներն արտադրում են պակաս արտանետումներ, քան ներքին այրման շարժիչները: Այդ մասին ասված է Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի միջազգային խորհրդի (ICCT) հրապարակած հաշվետվության մեջ

Հասարակական կազմակերպության մասնագետները ցրել են միֆը, որ էլեկտրաքարերն աղտոտում են շրջակա միջավայրն ոչ պակաս, քան ավանդական ավտոմեքենաները: Հետազոտող Գեորգ Բիքերի խոսքով՝ էլեկտրաքարերի վնասի մասին սիրում են խոսել ավտոմոբիլային արդյունահանության լոբիստները. «Մենք ցանկացել ենք ուսումնասիրել դա եւ համոզվել՝ ճի՞շտ են արդյոք փաստերը», հաղորդում է Lenta-ն:

ICCT-ի հաշվետվության մեջ գնահատվել են 2021 թվականին ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հնդկաստանում եւ Չինաստանում գրանցված միջին չափսի հանրահայտ էլեկտրամոբիլների արտանետումների ծավալները: Այդ երկրներում է կատարվում էլեկտրական քարշակով մեքենաների վաճառքի 70 տոկոսը, եւ տվյալները, ICCT-ի վարկածով, ներկայացուցչական են: Վերլուծությունը ցույց է տվել, որ Եվրոպայում էլեկտրամոբիլների արտանետումները ծառայելու ամբողջ ընթացքում 66-69 տոկոսով պակաս են, քան վառելիքով աշխատող մեքենաների շրջանում: ԱՄՆ-ում շահագործման ամբողջ ընթացքում էլեկտրաքարերը պետք է արտադրեն 60-68 տոկոսով պակաս արտանետում, իսկ Չինաստանում՝ 37-45 տոկոսով, Հնդկաստանում՝ 19-34 տոկոսով: Ասիայում նվազած ցուցանիշները կապված են հանգամանքի հետ, որ այդ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունահանումն առավելապես հիմնված է ածխի այրման վրա:

Հետազոտությունը հիմնված է փաստի վրա, որ ավտոմեքենան շահագործվում է առնվազն 18 տարի: Հաշվետվության հեղինակները հայտարարել են, որ էլեկտրաքարը միանշանակ ավելի էկոլոգիական է, քան ավանդական ավտոմեքենան: Նյութում նաեւ ասվում է, որ էլեկտրաքարշակով մեքենաների դեպքում կա ածխածնի արտանետումը լրացուցիչ չափով նվազեցնելու հնարավորություն մարտկոցների ճիշտ ուտիլիզացիայի դեպքում:

Գեորգ Բիքերի խոսքով՝ էլեկտրամոբիլը դառնում է առավել էկոլոգիական այն շահագործելուց շուրջ մեկ տարի անց՝ ի տարբերություն ավանդական ավտոմեքենայի: «Ցանկացած տիպի ներքին այրման տրանսպորտային միջոցն ունակ չէ ապահովել ջերմոցային գազերի արտանետումների ծավալի կրճատումը, որն անհրաժեշտ է մեզ կյանքի համար կլիմայի փոփոխության պայմաններում»,-եզրափակել է հետազոտողը: