Կրասնոդարի երկրամասային դատարանը ՌԴ Քր.Օր 210.1 հոդվածով («Բարձր դիրքի զբաղեցում հանցավոր հիերարխիայում») մեղավոր է ճանաչել Դավիթ Ջանգիձեին, որը հայտնի է Կրասնոդարցի Դաթո մականունով։ Այս մասին տեղեկացվում է դատարանի պաշտոնական կայքում։

«Հանցավոր հիերարխիայում բարձր դիրքի հասնելու հանգամանքների մասին ցուցմունքներ տվել են ինչպես վկաները, որոնք իրավապահ մարմինների աշխատակիցներ են, այնպես էլ քրեական միջավայրի ներկայացուցիչները՝ անձինք, որոնք դատապարտվել են կատարած հանցագործությունների համար»,- ասվում է մամլո ամփոփագրում։

Ինչպես նշվում է տեքստում, քննությունը պարզել է, որ Ջանգիձեն «օրենքով գողի» կարգավիճակ ստացել է Հռոմում (Իտալիա) 2013թ. քրեական հեղինակությունների «սխոդկայի» ժամանակ։ Նա հանցավոր հիերարխիայում քրեական գործի հարուցման պահին զբաղեցնում էր բարձր դիրք եւ շարունակում է զբաղեցնել այն մինչեւ հիմա, ուստի դատարանը հանցագործության որակումը համարեց ճիշտ։

Ջանգիձեին դատապարտել են 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ 1 տարով ազատության հետագա սահմանափակմամբ եւ մեկ միլիոն ռուբլի տուգանքով։

Լսումները տեղի են ունեցել փակ ռեժիմով, դատավճիռն առայժմ ուժի մեջ չի մտել։