Կլիմայի փոփոխությունն ու հակամարտությունը աղքատության, եկամտի անհավասարության եւ սննդամթերքի գների հետեւանքն ու շարժիչ ուժն են: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է AP-ն:

Ըստ նրա՝ սննդի համաշխարհային համակարգը գեներացնում է ջերմոցային գազերի արտանետումների մեկ երրորդ մասը: Նույն համակարգը պատասխանատու է կենսաբազմազանության կորստի մինչեւ 80 տոկոսի համար:

Այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի զեկույցում նշվում էր, որ անցյալ տարի 161 միլիոնով ավել մարդ էր սովի բախվել, քան 2019-ին:

«Աղքատությունը, եկամուտների անհավասարությունը եւ սննդամթերքի բարձր գները շարունակում են առողջ սնունդն անհասանելի դարձնել շուրջ 3 միլիարդ մարդու համար,- ասել է Գուտերեշը:- Կլիմայի փոփոխությունն ու հակամարտություններն այս աղետի ինչպես հետեւանքը, այնպես էլ շարժիչ ուժն են»:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը որոշում կայացնողներին կոչ է արել «շտկել սննդի համակարգերի թերությունները», որոնք հարյուր միլիոնավոր մարդկանց աղքատ ու սոված են պահում:

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, որը հրապարակվել էր այս ամսվա սկզբին, 2020-ին 811 միլիոն մարդ է սովի մատնվել: