Նախեւառաջ քննարկեցինք ԱԺ-ում մեր գալիք աշխատանքը, նաեւ կառավարության հետ մեր համագործակցությունը. Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, ՔՊ-ի գրասենյակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նորընտիր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Այդ հարցում կարծում ենք, նաեւ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի: Այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում ներկայացված կուսակցություններով: Շատ կարեւոր է փորձենք հասկանալ, թե ինչ օրենսդրական լուծումներ ենք տալիս, որ ներառված լինեն ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Շատ մանրամասներ չենք քննարկել: Բոլոր արտախորհրդարանական կուսակցությունների մասին է խոսքը: Կարող եք հիմնական հավակնորդներ համարելայն ֆորմատը, որը վարչապետի կողմից ստեղծվել է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ 44-օրյա պատերազմին վերաբերող հանձնաժողովը, որը կստեղծի այս իշխանությունը, չի կարող օբյեկտիվ քննություն անցկացնել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Օբյեկտիվության եւ ընդդիմության գնահատականների վերաբերյալ գնահատականները բոլոր ընտրություններից առաջ հնչեցրած գնահատականներ են: ՀՀ ժողովուրդը այդ բոլոր հարցերի պատասխանը ամսի 20-ին տվեց: ՀՀ ժողովրդի որոշումը քննարկել այլեւս ոչ մեկը չի համարձակվի»: