Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են պայմանավորվել Ղրիմի կարգավիճակի հարցում, եթե Մոսկվան անկախ պետություն ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ)։ Այս մասին «Լենտա.ռու»-ի հետ զրույցում ասել է Մալթեփեի թուրքական համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը։

Նա կոչ է արել Ռուսաստանին դառնալ ՀԿԹՀ-ի ճանաչման շարժման առաջատարը, քանի որ միավորման դեպքում Կիպրոսը կարող է մտնել ՆԱՏՕ կազմի մեջ, ինչը չի համապատասխանում Մոսկվայի շահերին։

«Պարտադիր չէ, որ Ռուսաստանը միանգամից ճանաչի հանրապետությունը. բավական է չխանգարել, որ դա անեն մյուս երկրները, որոնք գտնվում են նրա ուղեծրում, եւ սկսեն ուղղակի առեւտուր Հյուսիսային Կիպրոսի հետ»,- բացատրել է Ունալը։

Մասնագետի խոսքով՝ այդ դեպքում Թուրքիան կհրաժարվի Ղրիմը Ուկրաինայի տարածք ճանաչելու հայտարարություններից, իսկ տեղի ավիաընկերությունները կվերսկսեն ուղիղ չվերթները դեպի թերակղզի։

Այսպիսի պլանը կարող է անիրականանալի թվալ Ղրիմի եւ Կիպրոսի հարցերում երկու երկրների դիրքորոշումների պատճառով, նշել է պրոֆեսորը։ «Բայց մի մոռացեք, որ քաղաքական գործիչներն օգտագործում են հռետորաբանությունը, որպեսզի հետո ավելի ուժեղ դիրք զբաղեցնեն բանակցությունների դեպքում»,- ամփոփել է նա։