Նոր ձևավորված պարեկային ծառայության ժամանակավոր տեղակայման վայրի շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման նպատակով ոստիկանությունը 7,672,420 դրամի պայմանագիր կկնքի «Ստարմալե» ՍՊԸ–ի հետ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակված՝  ոստիկանության կարիքների համար պայմանագիր կնքելու մասին որոշումից։ Մրցույթը կատարվել է հրատապ կարգով,  մասնակցել է 7 ընկերություն՝ ընթացիկ նորոգման աշխատանքների համար առաջարկելով մինչ 20,054,000 դրամ։ Հուլիսի 2–ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ընտրվել է նվազագույն գին առաջարկած մասնակիցը՝  «Ստարմալե» ՍՊԸ–ն։ Վերջինիս հետ պատվիրատուն՝ ոստիկանությունը, պայմանագիր կկնքի «Գնումների մասին» օրենքով նախատեսված ժամկետում։

Նշենք, որ նոր ձևավորված Պարեկային ծառայության կենտրոնի վարչական շենքը տեղակայված է Խորենացի փողոցում գտնվող  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանական գնդի տարածքում (ՊՊԾ գունդ)։

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող  2020-2022թթ. գործողությունների ծրագրով նախատեսված է եղել կապիտալ վերանորոգել մոտ 3771ք/մ աշխատանքային տարածք։ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքերի նորոգման համար ըստ նախնական հաշվարկների՝ անհրաժեշտ էր լինելու 24.799.400  դրամ։

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ից Երևանում իր աշխատանքն է սկսել ոստիկանության նոր պարեկային ծառայությունը։ Այն փոխարինել է Երևանի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդին և ճանապարհային ոստիկանության Երևանի (առաջին) գումարտակին։