Սխալ կլիներ Երասխի իրավիճակը դիտարկել որպես տեղային երեւույթ: Դա նախաբանն է ապագայի, խոշոր տարածաշրջանային քաղաքական զարգացումների: Այս մասին NEWS.amTALK TIME հաղորդման  ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայից որոշակի ազդանշաններ են ստացվում:

Թուրքագետը նկատեց, որ պատերազմից հետո հիմնական լարվածությունը Սյունիքի եւ Գեղարքունիքի ուղղությամբ է:

«Տվյալ պահին տպավորություն է, որ գլխավոր սպառնալիքի ուղղությունը փոխվել է եւ բխվում է Նախիջեւանից: Այդ հատվածում բավական երկար ժամանակ լուրջ միջադեպեր չենք ունեցել»,-ասաց Իսպիրյանը:

Նա նշեց, որ վերջին ջարիներին Թուրքիան ակտիվորեն մեծացնում է իր ռազմական ներկայությունն ու ազդեցությունը Նախիջեւանում:

Փորձագետը նշեց, որ Երասխի ուղղությամբ լարվածությունը կարող է կապ ունենալ թուրքական գործոնի հետ, որն ուղղված է Հայաստանի իշխանությանը:  Թուրքագետի կարծիքով՝ նման իրավիճակում Հայաստանը պետք է իր համար գործողությունների կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագիր մշակի, որն ուղղված կլինի ինչպես դաշնակիցներին, այնպես էլ հնարավոր հակառակորդների, ինչպես նաեւ գերտերությունների հետ հետագա փոխգործակցությանը: