Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Նոր և ժամանակակից ռենտգեն սարքավորումը հնարավորություն է տալիս հիվանդանոցային պայմաններում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում՝ ունենալով բարձրորակ պատկեր։ Ի տարբերություն ավանդական ռենտգեն սարքավորման՝ թվային տարբերակները չեն պահանջում մութ սենյակում պատկերի մշակում՝ այսպիսով խնայելով մշակման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները։ Ի հավելումն, թվային ռենտգեն սարքավորումները հնարավորություն են տալիս հեշտությամբ պահպանել, փնտրել և ուղարկել բարձրորակ պատկերներ, ինչպես նայև հեշտությամբ հետևել հիվանդության ընթացքին։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այսօր այցելել են Մարտունու բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքավորումը։

«COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության նպատակն է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ օգնել Հայաստանին դիմակայուն առողջապահական համակարգի տեսլականն իրականացնելու գործում: Առողջության մատչելիությունն ու առողջապահական ծառայությունների մատչումը կարևոր են ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի և բարեկեցության համար, և մենք աշխատում ենք միասին հասնելու այդ արդյունքին», - նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Կարծում եմ` սա իսկապես շատ կարևոր ներդրում Է բնակչության առողջության բարելավման ուղղությամբ: Ինչպես տեսնում եք, երկար տարիների գործընկերների հետ մեր ջանքերը շարունակական են եւ ուղղված են լինելու մարզային բժշկական կենտրոններում բուժօգնության որակը լավագույնին հասցնելուն»,- նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը համավարակի սկզբից Հայաստանի կողքին են՝ տրամադրելով անմիջական աջակցություն բուժաշխատողներին և առաջնային բուժանձնակազմին, ինչպես նաև նպաստելով առողջապական համակարգի հզորացմանը։ Համավարակի ավարտից հետո տրամադրված սարքավորումը կշարունակվի օգտագործվել ի օգուտ Հայաստանի քաղաքացիների։»,- ավելացրեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը։

Ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությանն են տրամադրվել թթվածնի 200 խտացուցիչ և 22 արհեստական շնչառության սարքեր, որոնք բաշխվել են Երևանում և մարզերում COVID-19-ով հիվանդներին սպասարկող հիվանդանոցներին։ Երկու ռենտգեն սարքավորումներ արդեն իսկ գնվել և տեղադրման փուլում են։ 2021թ․ ավարտին նախատեսվում է COVID-19-ով հիվանդներին սպասարկող ևս 4 հիվանդանոցների տրամադրել ռենտգեն սարքավորումներ։

Ընդհանուր տեղեկություններ

«Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնությունը Եվրոպական միության և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից համատեղ իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում: Ծրագրի նպատակն է օգնել կանխել, հայտնաբերել և արձագանքել COVID-19 համավարակին և ամրապնդել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների կարողությունները՝ ուղղված առողջապահական արտակարգ իրավիճակների արձագանքմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Լուսինե Ղուկասյանին, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի հարցերով խորհրդատու (+374 94 64 22 21):

Տեղեկությունների աղբյուր լրագրողների համար

COVID-19-ի մասին ինտերակտիվ վահանակների միջոցով վիճակագրական թարմ տվյալներ ստանալու համար այցելեք ԱՀԿ կենտրոնակայանի և ԱՀԿ/Եվրոպայի կայքեր, որոնք իրական ժամանակում մանրամասն տեղեկություններ են տրամադրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հանրության համար COVID-19-ի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել ԱՀԿ կայք: