Ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը NASA-ի տիեզերական գործակալությանը խոստացել է, որ իր Blue Origin ընկերությունը 2 միլիարդ դոլար կտրամադրի լուսնային վայրէջքային մոդուլի ստեղծման համար` տիեզերագնացներին Երկրի արբանյակ հասցնելու պայմանագիր դիմաց, հայտնում է BBC-ն:

Այս տարվա գարնանը NASA-ն Մասկի SpaceX ընկերությանը պատվիրել էր լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքի մոդուլի ստեղծումը: Պայմանագրի գումարը 2.9 միլիարդ դոլար է: Blue Origin-ը նույնպես մասնակցում էր մրցույթին, սակայն զիջեց Մասկի ընկերությանը:

Ի սկզբանե ամերիկյան տիեզերական գործակալությունն ակնկալում էր, որ երկու ընկերություն միանգամից կստանան լուսնային պայմանագիրը, բայց անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով որոշվեց հայտարարել միայն մեկ հաղթողի:

NASA-ն ակնկալում է, որ տիեզերագնացներին կրկին Լուսին կուղարկի 2024 թվականին, բայց մինչ այժմ գործակալությունը ստացել է ընդամենը 850 միլիոն դոլար այն 3.3 միլիարդ դոլարից, որն ԱՄՆ Կոնգրեսը խոստացել էր հատկացնել նախագծի համար: Պարտությունից հետո Amazon-ի հիմնադիրը փորձում է փոխել այդ որոշումը եւ ավելի շատ ֆինանսավորում ապահովել նախագծի համար:

Արդյունքում ԱՄՆ Սենատը լրացուցիչ 10 միլիարդ դոլար հատկացրեց լուսնային ծրագրի համար, սակայն այս օրինագիծը դեռ պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից, եւ քննադատներն այն արդեն «Բեզոսի փրկության մասին օրենք» են կոչում: