Հորդառատ անձրեւները հեղեղել են Բաթում քաղաքի մի քանի փողոցներ, հաղորդում է Նովոստի-Գրուզիան՝ հղում անելով քաղաքապետարանին:

Քաղաքապետարանի տվյալներով՝ մի քանի ժամում քաղաքացիներից ստացվել է ավելի քան 150 հաղորդագրություն հեղեղման մասին: Քաղաքապետարանի հաշվարկով՝ հեղեղված է ավելի քան 100 խաչմերուկ, ինչը խոչընդոտել է տրանսպորտի շարժը:

Հատկապես բարդ իրավիճակ է Աղմաշենեբելի եւ Թավդադեբուլի փողոցներում: Ջուրը լցվել է մի քանի բնակելի շենքերի առաջին հարկերը, վնասել կենցաղային տեխնիկան, հեղեղել խանութներն ու փռերը, որոնք տեղակայված են նկուղային հարկերում:

Տարվում են աշխատանքներ տարածքներից ջուրը հեռացնելու շուրջ, մաքրվում են ջրահեռացման ալիքները:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հորդառատ անձրեւը հեղեղել է նաեւ վերջերս բացված Բաթումիի Հանրապետական հիվանդանոցի շենքը: Շենքի նկուղային հարկը, որտեղ ընդունում եւ բուժում են քովիդով հիվանդներին, դեռեւս ջրով լցված է:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ վաղը Բաթումիում նաեւ սպասվում են հորդառատ անձրեւներ եւ քամի:

Անձրեւների հետեւանքով բարձրացել է գետերի մակարդակը Վրաստանի արեւմուտքում: Դա առաջացրել է սողանքներ, ճանապարհներն ու կամուրջներն են վնասվել: