Այս ռազմական գործողությունները լայնածավալ պատերազմի չեն վերածվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում սադրանքին:

Հիշեցնենք, որ օրերս Մովսես Հակոբյանը հայտարարել էր, թե Երասխից հետո լարվածության նոր օջախ ևս կլինի։

Հարցին, թե արդյոք նկատի է ունեցել հենց նշված հատվածում այս գիշեր տեղի ունեցած հարձակումն ու ակտիվ փոխհրաձգությունը, նա պատասխանեց. «Ոչ միայն»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:

Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, եւս երկու զինծառայող վիրավոր են։

Ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է: