Ավստրալիայի այն քաղաքացիները, ովքեր կորցրել են եկամուտը Նոր Հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի պատճառով, կարող են ամենշաբաթյա նպաստ ստանալ 750 ավստրալական դոլարի ($550) չափով։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է երկրի վաչապետ Սքոթ Մորիսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նպաստներ կվճարվեն այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են հարկադիր պարապուրդի մեջ նահանգի կառավարության հայտարարած կարանտինի պատճառով։ Պահանջներին համապատասխանող աշխատողները կստանան շաբաթական 750 ավստրալական դոլար 20 կամ ավելի աշխատաժամ կորցնելու դեպքում կամ 450 ավստրալական դոլար ($330) 8-20 աշխատաժամ կորցնելու դեպքում»,- ասել է վարչապետը հայտարարությունում, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։

Նպաստները կսկսեն վճարել երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 2-ից, եւ կերկարացվեն կարանտինի ողջ ընթացքի համար։ Նրանք, ովքեր արդեն ստանում են ցանկացած սոցիալական վճար կամ թոշակ, ավելի քան 8 աշխատաժամ կորցնելու դեպքում կարող են ամեն շաբաթ հավակնել 200 ավստրալական դոլարի ($147) հավելյալ։

Կառավարության ղեկավարը նշել է, որ լրացուցիչ միջոցները նաեւ կուղղվեն տարածաշրջանի դաշնային կառավարական իշխանություններին եւ փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը, որոնք տուժել են Նոր Հարավային Ուելսում կարանտինի ժամանակ։ «Պահանջներին համապատասխանող կազմակերպությունները, այդ թվում ոչ առեւտրային, կստանան ամենշաբաթյա սուբսիդիաներ 1,5 հազարից մինչեւ 100 հազար ավստրալական դոլարի չափով ($1,1 հազարից մինչեւ 73,4 հազար)»,- նշել է Մորիսոնը՝ ասելով, որ ֆինանսավորման ծավալը կախված կլինի ձեռնարկության տարեկան շրջանառությունից եւ կկոմպենսացվի աշխատանքի վճարման ֆոնդի մինչեւ 40 տոկոսի չափով։ Անհատ ձեռներեցները կարող են ամենշաբաթյա սուբսիդիաների հայտ ներկայացնել հազար ավստրալական դոլարի ($734) չափով։

Իշխանությունների այդ որոշումը հաջորդել է երկրի ամենամեծ քաղաքում՝ Սիդնեյում սահմանափակիչ միջոցների երկարացմանը, որտեղ հունիսի 16-ից ամրագրվում է կորոնավիրուսով վարակվածների թվի կայուն աճ։ Հուլիսի 24-ից Նոր Հարավային Ուելսի նահանգի իշխանությունները, որի վարչական կենտրոնն է Սիդնեյը, հայտարարել են կոշտ կարանտին մեգապոլիսում եւ շրջակայքում՝ պարտավորեցնելով բնակիչներին մնալ տանը եւ էապես սահմանափակել բոլոր ձեռնարկությունների աշխատանքը, բացի մթերային խանութներից։ Հուլիսի 28-ին կարանտինային միջոցները Սիդնեյում երկարացվել են եւս չորս շաբաթով։

Վերջին մեկ օրում Ավստրալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, ընդ որում՝ դրանցից 177-ը Սիդնեյում։ Երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը  անցած տարվա մարտի սկզբից կազմել է 33 268 մարդ։ Վիրուսի առաջացրած բարդություններից մահացել է 921 մարդ, 29 911 COVID-19-ով պացիենտ ապաքինվել է։ Ներկա պահին մոտ 11,6 մլն ավստրալացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ավելի քան 3,5 մլն մարդ ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինը։