Հնագիտությունը մեզ համար երկրորդական դեր չի խաղում։ Դրա մեջ շատ են քաղաքական տարրերը։ Այս մասին հուլիսի 28-ին Էրեբունի ամրոցի հնագիտական պեղումների ավարտման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ կարող են լինել դեպքեր, երբ որոշ կողմեր փորձում են յուրացնել ինչ-որ պատմական ժառանգություն։ «Դա հաստատ հավաստիացում է ինչպես այս տարածաշրջանի, այնպես էլ Ֆրանսիայի համար։ Հենց այդ պատճառներով շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ հարցերին մոտենանք գիտական տեսանկյունից»,- ասել է Լաքոթը։

Դիվանագետի կարծիքով՝ ուրարտական ժառանգությունն այդ տեսակետից շատ կարեւոր նշանակություն ունի։ Այն, Ֆրանսիայի դեսպանի կարծիքով, շատ կարեւոր է ե՛ւ Երեւանի, ե՛ւ հնագույն պատմության համար, որի մի մասն է այսօրվա Հայաստանը, ինչպես նաեւ կարեւոր է առհասարակ ամբողջ տարածաշրջանի համար։

«Այդ ծրագիրը Հայաստանում Ֆրանսիայի կողմից իրականացվող ընդհանուր մեծ ծրագրերի մասն է ժառանգության ոլորտում։ Ֆրանսիան համագործակցություն կսկսի Հայաստանի հետ պատմական ժառանգության պաշտպանության եւ պահպանման ոլորտում, որը կտեւի մի քանի տարի։ Մենք գիտենք, որ այսօրվա դրությամբ հայկական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ, եւ մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին, որպեսզի պաշտպանենք եւ վեր հանենք այդ ժառանգությունը»,- նշել է Ջոնաթան Լաքոթը։

Ընդ որում՝ նա ավելացրել է, որ դա հայ-ֆրանսիական համագործակցության այն ոլորտն է, որը կցանկանար խորացնել ինքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նշենք, որ առաջին համակարգայնացված պեղումներն այստեղ իրականացվել են դեռեւս խորհրդային ժամանակներում։ 2008 թվականից Էրեբունիում աշխատում է հայ-ֆրանսիական հնագետների խումբը։ Այդ ընթացքում հայտնաբերվել են որմնանկարների դրվագներ, կավե կժերի բեկորներ, այդ թվում սեպագրերով, ինչպես նաեւ խեցեգործական իրեր։ 2019թ. հատուկ դրոնների օգտագործմամբ տարածքի հետազոտության առաջին ծրագրից հետո 2021թ. նորից գործի դրվեցին նոր տեխնոլոգիաներ։ Դրանք հարկավոր են ամրոցի ֆոտոգրամետրիկ հետազոտությունների անցկացման համար 3D ռեժիմով։  Հետազոտությունը թույլ տվեց ճշտել խոշոր մշակութային համալիրի կառուցվածքն ու շինությունները։ Նաեւ առաջարկվում է մտցնել գնահատման մեթոդիկա, մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաների օգնությամբ։ Այս հետազոտական նախագիծը աջակցվում է Երեւանի քաղաքապետարանի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից։