44-օրյա պատերազմից հետո սննդի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղը Հայաստանին ապահովում էր գյուղմթերքով, եւ ոչ միայն: «Մենք գյուղմթերք էինք ստանում, եւ ոչ միայն: Այո, Ղարաբաղը մեր տնտեսության հիմնական լոկոմոտիվներից էր: Այժմ թող գնան, ներմուծեն արտասահմանից, որտեղ արդեն գրեթե երկու անգամ թանկացում է գրանցվել: Թող նրանք ապահովեն պահանջարկը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, քանի որ մինչեւ պատերազմը Ղարաբաղը կարողանում էր ապահովել ոչ միայն հայկական, այլ նաեւ իր շուկայի պահանջները»,-ասաց Ավետիսյանը:

Նա ուշադրություն դարձրեց գնաճին, որը, նրա խոսքով, բացասաբար է ազդում բնակչության գնողունակության վրա, որի եկամուտները գրեթե երկու անգամ զիջում են գնաճի տեմպերին: