ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է զգուշանա Քաբուլում միջազգային օդանավակայանի շահագործման Թուրքիայի առաջարկից եւ ապահովի դրա անվտանգությունն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին պատգամավոր, Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի թուրքական ծրագրի տնօրեն Այքան Էրդեմիրը:

Նրա խոսքով՝ Էրդողանը կարող է փորձել օգտագործել Աֆղանստանում Թուրքիայի հնարավոր դերը՝ իր օրակարգն այլ տեղ առաջ տանելու համար: «Օդանավակայանը Թուրքիայի նախագահին վստահելը, գուցե, ամենախելացի ընտրությունը չէ»,- ասել է Էրդեմիրը Newsweek ամսագրին:

Նրա խոսքով՝ Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ կարեկցում էր թալիբներին եւ արդեն վաղուց աջակցում էր ՀԱՄԱՍ-ին Պաղեստինում եւ Նուսրա ճակատին՝ Սիրիայում, որոնք ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություններ է ճանաչել: Էրդողանը նաեւ սուր քննադատության է ենթարկել Իսրայելը՝ այն ահաբեկչական պետություն անվանելով:

«Հարկ է կասկածի տակ դնել դաշնակցի վստահելիությունը, որը նախորդ շաբաթ խոստովանեց, որ Թուրքիան ոչ մի տարաձայնություն չունի [թալիբների] համոզմունքների հետ»,- ասաց Այդեմիրը:

Էրդողանը նշել է, որ «Թալիբանի» վերաբերյալ Էրդողանի մեկնաբանությունը պետք է որպես կարմիր դրոշ ծառայի Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ ընթացող բանակցություններում:

«Թուրքական զորքերի շարունակական ներկայությունն Աֆղանստանում կարող է որոշ ռիսկեր նվազեցնել Քաբուլում, բայց դա իրականում չի կարող կայուն լուծում առաջարկել Աֆղանստանի առաջիկա խնդիրների համար,- ասել է նա:- Քանի դեռ ԱՄՆ պաշտոնյաները շարունակում են բանակցել Էրդողանի կառավարության հետ օդանավակայանի գործարքի շուրջ, որը երբեք չի կարող իրականություն դառնալ, խելամիտ կլինի չսրել անվտանգության սպառնալիքներն այլ վայրերում՝ Էրդողանի մոտ տպավորություն թողնելով, որ նա կարող է օգտվել անպատժելիությունից Աֆղանստանի մասով գործարքի պատճառով»: