Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում որոշեց դադարեցնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ:

Գորիսում ինստիտուտի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ: Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել Թատերական արվեստ մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով /լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար 9-ական սահմանային տեղ/: Վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել: Ներկայումս Մասնաճյուղում  սովորում է  չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Դասավանդումն իրականացվում էր հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:

Ինստիտուտի ֆինանսական հնարավորություններ բավարար չեն  մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանական կայունությունը ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին /2013-2014 ուս. տարում սովորում էր 20 պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանող և 5 վճարովի սովորող, 2017-2018 ուս. տարում մասնաճյուղն ավարտել է 9 անվճար՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանող, 2018-2019 ուս.տարում՝4 անվճար և 5 վճարովի սովորող/:

Իր գործունեությունը 2015 թվականից մինչև 2020 թվականը ծավալել է Գորիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Շառլ Անձնավուրի անվան երաժշտական դպրոցի շենքից հատկացված տարածքում: Այդ ժամկետը լրանալուց հետո դասապրոցեսը  կազմակերպվում է Գորիս քաղաքի թատրոնի շենքում: