Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու  գործընթացին, որեւէ կապ չունեն իրականության հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, հայտարարեց. «Ընդհակառակը, մենք կողմ ենք, ավելին, նման գործընթաց մեկնարկելուն, տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից:

Դեռեւս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետեւյալն է. Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե հայ, թե ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում եւ սահմաային գծի մոնիտորինգ,  ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս:

Առկա իրավիճակը  հաշվի առնելով, կարծում եմ՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ:

Համաձայն մեր քաղաքացիներից ստացած մանդատի, մեր կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար: Մեր կառավարությունը գործելու է Հայաստանի քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան»,-ասաց նա: