Հայաստանի կառավարությունը գիտական ոլորտին մեծ ուշադրություն է հատկացնում, չէ՞ որ հաջորդ տասնամյակում երկրի տնտեսությունը պետք է հենվի գիտության վրա։ Այս մասին կառավարության շենքի առջեւ բողոքողներից մեկի հետ զրույցում հուլիսի 29-ին ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի իշխանություններն արդեն այս տասնամյակում պետք է սկսեն ակտիվ ներդրումները գիտության ոլորտում, մասնավորապես՝ քիմիական։ «Խոսքը, օրինակ, օրգանական քիմիայի մասին է։ Դա շատ կարեւոր ոլորտ է, քանի որ առաջիկա հինգ տարիներին քիմիական արդյունաբերությունը լինելու է ամենապահանջված արդյունաբերություններից մեկը։ Մենք, ընդհանուր առմամբ, մեզ համար առանձնացրել ենք հինգ արդյունաբերություն, որոնց վրա լուրջ շեշտադրումներ են արվելու։ Եվ դրանցից մեկը դառնալու է քիմիական արդյունաբերությունը։ Մենք նաեւ մտածել ենք այն մասին, որպեսզի վերածնենք եւ վերականգնենք նախկին քիմիական հսկաները՝ դրանց վրա կառուցելով մեր ամբողջ քիմիական արդյունաբերությունը»,- հավաստիացրել է Քերոբյանը։

Անդրադառնալով Գիտությունների ակադեմիայի օրգանական եւ դեղաբանական քիմիայի ԳՀԻ տարածքում բնակելի տան շինարարությանը, ինչի դեմ էլ հանդես են գալիս գիտնականները, էկոմոնիկայի նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այդ հողի սեփականատերը օրինապաշտ բիզնեսմեն է։ Դրան, իհարկե, չհամաձայնեց նրա զրուցակիցը, որը լուռ թափահարեց գլուխը։ «Նա հողը գնել է օրինական հիմքով։ Բայց ես ձեզ անկեղծ ասեմ, որ մենք ներդրումային նախագծի ուսումնասիրման պահին այդ հարցը չենք դիտարկել ձեր ռակուրսով։ Այնտեղ խոսքը մեծ չափով մշակութային բաղադրիչի մասին էր։ Այնպես որ, ես ձեզ խոստանում եմ, որ մենք այդ հարցը մեկ անգամ եւս կբարձրացնենք Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը»,- ասել է Քերոբյանը։

Այնուամենայնիվ, բողոքողները նորից ընդգծեցին իրենց դիրքորոշման անփոփոխությունը՝ հայտարարելով, որ ինստիտուտին ոչ մի դեպքում չի կարելի «կպչել»։ Նրանց կարծիքով՝ գիտական կենտրոնի կողքին որեւէ այլ ոչ գիտական շինության առկայությունը կարող է միայն վնաս հասցնել պրոֆիլային գործունեությանը։

«Ավելին, եթե այնտեղ որեւէ շինարարական գործունեություն սկսվի, 1 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկան պարզապես չի աշխատի։ Անգամ ավտոմեքենաներն են փորձում անցնել այն սենյակների կողքով, որտեղ գտնվում է այդ սարքավորումը, քանի որ այն չափազանց զգայուն է»,- նկատել է ակցիայի մասնակիցը։