Հայաստանի կառավարությունն իր այսօրվ՝ հուլիսի 29-ի նիստում հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Արագածոտնի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին:

Կառավարությունը որոշեց ապահովել նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել առաջարկ՝ Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում կառուցել լեռնադահուկային համալիր, որը կներառի նաեւ ժամանցի, զվարճանքի վայրեր:

Ծրագիրը միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Նախագիծը հավանության արժանանալուց հետո կմշակվեն և ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվեն նաև դրանից բխող համապատասխան որոշումների նախագծեր:

Վահան Քերոբյանը նշեց, որ ըստ այս ծրագրի պլանավորվում է ներդրում անել ամենաքիչը 30 մլրդ դրամ, որից 15-ը կանի հենց այդ ընկերությունը, եւս 15 մլրդ կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից: Ծրագրի իրկանացման շրջանում, որը կտեւի 2 տարի, կստեղծվի մոտ 250 աշխատատեղ, իսկ ծրագրի մեկնարկից հետո, 1500 մշտական աշխատատեղ: «Այս համալիրը նպատակ ունի սպասարկել տարեկան 500 հազար տուրստի: Նախադրյալներն այնպիսին են, որ կարողանալու է մրցակցել այլ հայկական լեռնադահուկային վայրերի հետ, այլ նաեւ ռեգիոնալ առումով մրցունակ լինի եւ լրացուցիչ տուրիստական հոսքեր ներգրավի Վրաստանից, Ռուսաստանի եւ Եվրոպայից: Այս ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 0,2 տոկոսով: Սա լինելու է կայուն տնտեսական աճ»,-ասաց նա:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ այս ներդրումային ծրագիրը ենթադրում է, որ այդ վայրում պետք է լինի նաեւ կազինո: