Մենք որևէ մեկին չենք կարող և չենք էլ ուզում արգելել գնալ խաղատուն, բայց ուզում ենք նրա ճանապարհին դնել որոշակի արգելակներ. սա մեր քաղաքականությունն է ՝ ձևավորված քաղաքացիների պահանջարկի հիման վրա։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղատնային բիզնեսին:

«Սա ճիշտ մոտեցում է, որովհետեւ կան մարդիկ, որոնք ունեն պատշաճ միջոցներ այդպիսի ժամանց իրենց թույլ տալու: բայց ես հիշում եմ Կապան կատարած իմ այցելությունը, երբ մարդիկ, հիմնականում կանայք, ինձ ասում էին, որ հենց բակերում այդ գրասենյակները դրած են եւ ամուսինները աշխատավարձ ստանալիս հենց շքամուտքի դիմաց աշխատավարձի հաստատուն մի մասը թողնում այդ գրասենյակներում: Մենք թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել եւ նրանց փողը կոպեկ-կոպեկ ձեռքներից տանել:

Մեր գործողությունների նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանելն է, այլ նաև խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելը։ Դա պետք է ոչ թե որոգայթ լինի մարդկանց համար, այլ՝ ժամանցի, սպասարկման ոլորտ, որը լինելու իրավունք ունի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, որ կան որոշակի տաբերություններ  ներդրումների պարագայում խաղատների գործունեությունը թույլատրելու, իսկ բուքմեյքերական ընկերություններին մերժելուև միջև։ «Օրինակ երկու ներդրող ունեն հավակնություն 80 մլն դրամ և ավել ներդրում կատարելու և Երևան քաղաքում ունենալու  խաղատների թույլտվություն։ Այստեղ կարող է հարց ծագել՝ ինչու բուքմեյքերական ընկերություններին թույլ չենք տալիս, բայց կոնկրետ ներդրման պարագայում թույլ ենք տալիս։ Դա ունի կոնկրետ պատճառ. այդ հյուրանոցը, որը գտնվում է Երևանի բանուկ հատվածում, խաղատները պետք է լինեն վերնահարկում և փողոցից առանձին մուտք չպետք է ունենան։ Այս պայմանները պետք է ամրագրենք կոնկրետ կանոններով։ Ուրիշ բան է, երբ դա փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակ է, մեկ այլ բան է, երբ այն հինգաստղանի հյուրանոցի վերնահարկում գտնվող խաղատուն է»,- նշեց Փաշինյանը։

Վերջինիս խոսքով Երևանի կենտրոնում գտնվող խաղատունը ոչ թե պետք է որոգայթ լինի քաղաքացիների համար, այլ մի տեղ, որտեղ գնում են «գիտակցված փող ծախսելու»։