Հիմա ճամփորդելը դժվարացել է, եթե առհասարակ հնարավոր է։ Հիմա շատ դժվար է ապագայի ծրագրեր կազմել։ Այս մասին Երեւան - Թբիլիսի տեսակամրջի ժամանակ՝ «Տուրիզմը Հայաստանում եւ Վրաստանում համավարակի ֆոնին» թեմայով, հուլիսի 29-ին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ, «Արմենիա Թրավել» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Մարինա Կրպեյանը։

Բայց, նրա խոսքով, տուրիզմի ոլորտում հույսով ու հավատով են նայում ապագային։ «Մենք կարծում ենք, որ դժվար ժամանակները կմնան հետեւում, հույս ունենք, որ արդեն վերադառնում ենք մեր երբեմնի ծավալներին տուրգործունեության ոլորտում»,- ասել է Կրպեյանը։

Նա նշել է, որ գլխավորում է մեծ տուրընկերություն ընդունելության գծով, որն աշխատում է հիմնականում եվրոպական շուկայի հետ։ «Դա Արեւմտյան Եվրոպան է, չնայած գործընկերներ ունենք ամբողջ աշխարհում։ Իհարկե, այսօրվա դրությամբ, ցավոք, չենք կարող ասել, որ Հայաստան զբոսաշրջիկների մուտքի ծավալները վերականգնվում են։ Մեծ հույսեր ունենք աշնան սեզոնի հետ կապված, բայց առայժմ որեւէ ճշգրիտ կանխատեսում անել չենք կարող, քանի որ շարունակվում են չեղարկումները, չնայած աշնան սեզոնը, սկսած օգոստոսի սկզբից եւ վերջացրած նոյեմբերի կեսով մեզ մոտ սովորաբար համարվել է ամենաակտիվ ու ամենաբարձր մուտքերի սեզոնը»,- տեղեկացրել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի խորհրդի անդամը։

Այնուամենայնիվ, Կրպեյանի խոսքով, որոշակի շարժ կա, չնայած դա, նրա գնահատմամբ, ավելի շատ հիշեցնում է «առաջին ծիծեռնակ»։ Խոսքը, մասնավորապես, անհատ զբոսաշրջիկների, ինչպես նաեւ 4-5 մարդուց բաղկացած ոչ մեծ խմբերի մասին է։