Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գաղափարը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական սահմանապահ կետերի տեղակայման մասին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

«Շփումները Երեւանի հետ շարունակվում են, ավելին ասելու բան չունեմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը։

Մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի գործադրել, որպեսզի վերականգնվի հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, աշխատանքը շարունակվում է։

«Երեկ եղել է սրացում հայ-ադրբեջանական սահմանին, դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները քիչ ջանքեր չեն գործադրել այն բանի համար, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է շփումները Երեւանի եւ Բաքվի հետ, որպեսզի ապահովվի եռակողմ պայմանավորվածությունների լիակատար իրականացումը»,- ասել է Պեսկովը։